Արմինֆո. Ադրբեջանին արցախյան տարածքների հանձնման հնարավորությունը Ռուսաստանի ընդհանուր քաղաքական գծի շարունակությունն է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովում խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, ընդգծել է, որ «վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը»:
«Այս առումով ՀՀ ԱԳՆ ղեկավարի հիշյալ հայտարարության՝ ռուսական լրատվամիջոցների կողմից ջանասիրաբար լուսաբանումն ամենևին պատահական չէ: Ըստ որում, իհարկե, դժվար է ասել, թե արդոք Նալբանդյանը նպատակաուղղված ընդառաջող քայլ է արել ռուս գործընկերներին: Այնուամենայնիվ, եթե նման քաղաքականություն, իրոք իրականացվում է, այն կարող է խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար՝ հատկապես Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում սեփական առաջատարության ամրապնդման պայմաններում»,- ընդգծել է վերլուծաբանը:
Այս առումով Սարգսյանն առանձնացրել է ևս երկու կարևոր հանգամանք. Բաքվի հետ հարաբերությունները խորացնելու Մոսկվայի փորձերը՝ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման շուրջ սկանդալի լույսի ներքո, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման մասին տեղեկատվական արտահոսքը, ինչի մասին արդեն խոսում են Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները:
«Այս առումով Արցախի շուրջ խնդիրը ռուս քաղաքական գործիչներին հետաքրքրում է բացառապես որոշակի տարածքների հանձնման համատեքստում, ինչը թույլ կտա Մոսկվային Բաքվի հետ լուծել սեփական օրակարգի հարցերը»,- ամփոփել է վերլուծաբանը: