Արմինֆո.Սեպտեմբերի 29-ից Երևանում մեկնարկում է «Գերմաներենի շաբաթը՚` «Երեք երկիր` մեկ լեզու՚ նշանաբանով: Ծրագիրը պատրաստվել է Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների և Ավստրիայի հյուպատոսության ջանքերով, սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Ինչպես նշել է դեսպանը, միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: Նախատեսվում է մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել 19 միջոցառում, որոնք կսկսվեն սեպտեմբերի 29-ին ցուցահանդեսի բացմամբ: Միջոցառումներն ավարտվում են հոկտեմբերի 6-ին "Piano Battle meets orchestra" եզրափակիչ համերգով` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում:
Քիսլերը նշել է, թե, չնայած այն փաստին, որ գերմաներենը տարածվածության առումով զիջում է անգլերենին, այն միջազգային լեզու է: Դիվանագետը հիշեցրել է, որ գերմաներենը պետական լեզու է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում և Լիխտենշտեյնում: Նրա ասելով, Հայաստանում գերմաներենին ազատ տիրապետում է 30 հազար մարդ:
Ներկայացնելով միջոցառումների ծրագիրը` դեսպան Քիսլերը նշել է, որ այն կլինի բավականին հետաքրքիր և հագեցած: «Գերմաներենի շաբաթվա՚ ընթացքում տողի կունենան ցուցահանդեսներ, համերգներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիայի դեսպանության կազմակերպած մի շարք միջոցառումների ժամանակ հիմնական շեշտադրումը կլինի հայ հասարակայնությանը գերմաներեն գրականությանը ծանոթացնելը: Դեսպանը հույս է հայտնել, որ միջոցառումը հաջող կանցնի և կդառնա ամենամյա: