


Արմինֆո. ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հարթակներում տեղի ունեցած հանդիպումը։ Այդ մասին ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարությունում, որը հրապարակել է նրա մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ գլխավոր քարտուղարն աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացմանն ու բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված համանախագահների աշխատանքներին։ Գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնում, որ նախագահների մակարդակով նախատեսված հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում։



