Արմինֆո. Կարեն Կարապետյանը ցանկանում է 2018 թ.-ից հետո էլ շարունակել գլխավորել ՀՀ նախարարների կաբինետը: Այդ մասին Կարապետյանը խոստովանել է՝ պատասխանելով Հայաստան-Սփյուռքը համաժողովի մասնակիցներից մեկի հարցին:
Միաժամանակ պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավորության վերաբերյալ հարցին 2018 թ. նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՝ Կարապետյանը հայտարարել է. «Չեմ ցանկանում մեկնաբանել մասնավոր կարծիքներ, պետք է սպասել այդ առնչությամբ Հանրապետական կուսակցության վերջնական և պաշտոնական հայտարարությանը: Առայժմ այն չի եղել»:
Այդպիսով Կարապետյանը հստակ պատասխան է տվել բոլոր այն հանրապետականներին, ովքեր վերջին օրերին միմյանց հերթ չտալով հայտարարում էին, որ 2018 թ. վարչապետի պաշտոնի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թեև վերջինս ավելի վաղ հավաստիացնում էր, որ սահմանադրական հանրաքվեի հաջող ելքի դեպքում իր նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նախարարների կաբինետը չի գլխավորի: Միաժամանակ Կարապետյանն ընդգծել է, որ իր գլխավորած նախարարների կաբինետի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է և Հայաստանի տնտեսական ու ներդրումային ակտիվության բարձրացումը: Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությունն ակտիվորեն պատրաստվում է 2018 թ. աշնանը Երևանում միջազգային տնտեսական համաժողովի անցկացմանը, որը ձգտում է ամենամյա դարձնել:
Հատկանշական է, որ աշնանային համաժողովը կհաջորդի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին: Այդպիսով՝ Կարապետյանը հասկացրել է, որ վարչապետի պաշտոնում իր ծրագրերը 2018 թ. սկզբով չեն սահմանափակվում: