
Արմինֆո.«Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը: Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում:
«Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը՚, - նշել է Ս.Սարգսյանը:
«Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը՚, - հայտարարել է ՀՀ նախագահը: Նա նաև նշել է, որ Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: «Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա՚, - ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի միջազգային ինտեգրմանը` Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: «Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը: