Արմինֆո. Նախկինում կարելի էր համագործակցել թե ՆԱՏՕ-ի, թե ՀԱՊԿ-ի հետ, այժմ` արդեն ոչ: Այդպիսի համոզմունք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:
«Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որը Հայաստանի զինվորական հրամանատարությանը դրդում է հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններից: Երևանում գիտակցել են, որ այսօր անհնար է դարձել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորախաղերի համատեղումը ՀԱՊԿ անդամակցության հետ, և նման իրավիճակն ստեղծվել է հենց ՆԱՏՕ-ի դիրքորոշման հետևանքով՚, - հայտարարել է փորձագետը:
Հայաստանն անսպասելի հրաժարվեց մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժություններին: Համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Նինո Թոլորդավան: Դրանից հետո Վրաստանի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների պաշտոնական լոգոտիպին Հայաստանի դրոշը փոխարինեց Ադրբեջանի դրոշով:
Փոխված իրողությունների լույսի ներքո փորձագետը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու Երևանի որոշումը գնահատել է որպես ճիշտ և իմաստուն: Ընդ որում, Ժարիխինը հատկապես ընդգծել է, որ որոշումը կայացրել է Հայաստանի ղեկավարությունը` առանց Մոսկվայի որևէ մասնակցության: Փորձագետը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ամեն դեպքում, լարվածություն չէր հարուցի Ռուսաստանի հետ նրա հարաբերություններում: