


Արմինֆո. Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:
Աղբյուրի համաձայն, նախօրեին վայրում է եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 168 փրկարար ծառայող (19 մարտական հաշվարկ, 7 օժանդակ ավտոմեքենա), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման 10 աշխատակից, Բյուրական և Օրգով գյուղերից 20 բնակիչ, 1 տրակտոր և Բյուրական գյուղից 2 ջրատար ավտոմեքենա (քաղաքացիական):
Ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները: Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր էր դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:



