


Արմինֆո.Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Միևնույն ժամանակ, նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանն ամենավերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում ընթացքող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին: Ուշագրավ է, որ Հայաստանը համաձայնություն էր տվել մասնակցելու ՆԱՏՕ զորավարժություններին, ինչի մասին հայտարարել էին նաև հանրապետության Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները: Ընդ որում, զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելն անակնկալ էր ընդունող կողմի համար, ինչի մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Կաջարավան: Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ, Վրաստանը, Բուլղարիան, Ուկրաինան Ադրբեջանն ու Ռումինիան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից այդ առնչությամբ հասկանալի բացատրություն չի հնչել, իսկ փորձագիտական շրջանակներում հակված են կարծելու, որ Երևանի որոշումը պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշմամբ: Հիշեցնենք, որ համանման իրավիճակ է արձանագրվել նաև 2009 թվականին, եր Հայաստանը համաձայնություն էր տվել մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, սակայն ամենավերջին պահին հրաժարվել էր:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


