Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն անլուրջ է համարում Ռազմական հզորության գլոբալ ինդեքսի վարկանիշը (Global Firepower Index):
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին հրապարակված վարկանիշը, մասնավորապես, նշել է. «Դա անլուրջ վարկանիշ է, այդ պատճառով նպատակահարմար չեմ համարում որևէ գնահատական տալ դրանում պարունակվող տվյալներին: Վարկանիշի տարրական վերլուծության դեպքում նույնիսկ ամեն բան հասկանալի կդառնա առանց մեկնաբանությունների: Ինչպե՞ս կարող է հարևան Վրաստանը, որը գրեթե բանակ չունի, վարկանիշում տասը դիրքով առաջ լինել Հայաստանից»:
Նշենք, որ օգոստոսի 31-ին հրապարակվել է Ռազմական հզորության գլոբալ ինդեքսի վարկանիշը (Global Firepower Index), որի համաձայն՝ ԱՄՆ-ը ամենաուժեղ բանակն ունի աշխարհում, երկրորդ տեղում Ռուսաստանն է: Աշխարհի ամենաուժեղ բանակների տասնյակի մեջ են մտել Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան և Եգիպտոսը:
Հայաստանն այդ վարկանիշում ընդամենը 93-րդ տեղում է: Հարևան Ադրբեջանը 58-րդ տեղում է, Վրաստանը 82-րդ տեղում՝ աշխարհի 133 երկրների թվում:
Հատկանշական է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ամենաուժեղ բանակներից մեկն ունի տարածաշրջանում: