


Արմինֆո.ԱԺ-ում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Երևանի այն փողոցների ցանկը, որոնք Երևանի ավագանու խորհրդում դաշինքի խմբակցությունն առաջարկում է անվանափոխել:
«Մենք առաջարկում ենք.
1. Երեւանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։
2. Երեւանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։
3. Երեւանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։
4. Երեւանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։
5. Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։
6. Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։
Երեւանի ավագանում ԵԼՔ խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար», - ասվում է Փաշինյանի էջում զետեղված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վերը նշված նախաձեռնությունը սուր քննադատության էր արժանացել հանրապետության գիտական և ստեղծագործական, ինչպես նաև քաղաքական շրջանակներում: Այս նախաձեռնության դեմ է Հայաստանի ազգային արխիվի ղեկավար Ամատունի Վիրաբյանը, ում համոզմամբ, այն գործիչները, որոնց անունները կրում են «Ելքի» կարծիքով անվանափոխման ենթակա փողոցները, մեծ ավանդ են ներմուծել հայոց պետականության կայացման և զարգացման գործում: Համանման կարծիքի են ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես` կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որն ընդգծել է, եթե անգամ պատմությունը պետք է վերանայել, ապա անհրաժեշտ է հատուկ նրբանկատություն և զգուշություն դրսևորել այդ հարցում: Ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությանը կտրականապես դեմ է Հակաստանի կոմկուսը:



