Արմինֆո. «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
Աղբյուրի համաձայն, նախօրեին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները: Դեպքի վայրում հովացման աշխատանքների համար, ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները: Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել է տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:
«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից բնակչության և շրջակա միջավայրի համար: Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար», - ասվում էր ԱԻՆ մամուլի հաղորդագրությունում: