Արմինֆո. Հայաստանում տարբեր պետությունների դեսպաններ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս այս կամ այն հարցի առնչությամբ հայտարարություններով, և դրանք դիվանագիտական էթիկայի տեսակետից տարբեր են լինում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ ԱՄՆ ցանկանում է Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ:
Քաղաքագետի խոսքով, աշխարհում բացարձակ ինքնիշխան պետություններ չկան, և նույնիսկ ԱՄՆ-ը ինչ-որ հարցերում ստիպված է հաշվի նստել այլ երկրների, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի շահերի հետ: «Հայաստանը կառուցում է զարգացման իր քաղաքական ուղեգիծը՝ հաշվի առնելով միջազգային խոշոր խաղացողների շահերը: Նշեմ, որ Հայաստանին հաջողվել է բարեհաջող զարգացնել իր հարաբերությունները թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, թե Վրաստանի, թե Եվրամիության հետ: Կարծում եմ՝ դրանում է այսօր կայանում Հայաստանի ինքնիշխանությունը, և եթե ինչ-որ պահի հաջողվի ընդլայնել փոխգործակցոթյան գործիքները, դա կարելի է միայն ողջունել»,- ասել է նա:
«Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ:
«Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրոե արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է: Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում:
Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկերե զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշկական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը»,- ասել է դեսպանը: