Արմինֆո. Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը, շարժառիթը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։
«Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ ՙկրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք՚ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ընդունվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության վարույթ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հ.Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Միջոցներ են ձեռնարկվում՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում։
Արմինֆո. Օգոստոսի 24-ի գիշերն անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։