Արմինֆո. Ադրբեջանում ձերբակալվել է «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը` հարկերի վճարումից խուսափելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Օգոստոսի 25-ին Ալիևը կանչվել է Հարկային նախարարության քննչական վարչություն, որը քննություն է վարում է հարկային օրենսդրությունը խախտելու առնչությամբ գործակալության դեմ մեղադրանքների առնչությամբ: Մեկուկես ժամ անց սոցիալական ցանցում հաղորդումներ են հայտնվել նրա ձերբակալության մասին: Առաջիկա 48 ժամվա ընթացքում դատական նիստ պետք է կայանա` գործակալության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար:
Օգոստոսի 7-ին սկսված քրեական հետաքննության շրջանակում «Թուրանը» մեղադրվում է մի քանի տարվա ընթացքում հարկերի վճարումից եկամուտները թաքցնելու համար: Օգոստոսի 16-ին գործակալության գրասենյակում կատարվել է խուզարկություն, բանկային հաշիվները սառեցվել են: «Նման իրավիճակում գործակալության բնականոն գործունեությունը դառնում է չափազանց բարդ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` «Թուրանի» կոլեկտիվն ստիպված է սեպտեմբերի 1-ից աշխատանքը դադարեցնել` անորոշ ժամանակով: Առաջիկայում մենք կձգտենք պահպանել մեր կայքի աշխատանքը` անձնական ռեսուրսների և եռանդի հաշվին: Նորությունների թողարկումը կսահմանափակվի», - ասվում է «Թուրան» գործակալության հայտարարությունում:
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն «Թուրանը» համարել է միակ անկախ լրատվական գործակալությունն Ադրբեջանում և իշխանություններին կոչ է արել դադարեցնել նրա աշխատակիցների նկատմամբ հարձակումները: Human Rights Watch-ի իրավապաշտպանները նույնպես պետությանը կոչ են արել չմիջամտել գործակալության աշխատանքին:
Նշենք, որ ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը դեռևս մեկ քառորդ դար առաջ գործընկերային հարաբերություններ էր հաստատել «Թուրանի» հետ, և անաչառ տեղեկատվության փոխանակումը դարձել էր մեր տևական համագործակցության գլխավոր արժեքային գործոնը: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ևս մեկ անգամ հաստատելով իրենց թուլությունը, այդքան խորամանկ եղանակ են գտել իրենց երկրի վերջին անաչառ լրատվության աղբյուրից ձերբազատվելու համար: Երկար տարիների ընթացքում լավ ծանոթ լինելով Ադրբեջանի մեդիա-դաշտի վիճակին` ես չեմ կասկածում, որ հարկային մարմինների ցանկության դեպքում, այսպես կոչված, հարկային օրենսդրությունան խախտումների համար Ադրբեջանում կարելի է բանտարկել, առնվազն, տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների, որոնք գլխավորում են քարոզչական ապատեղեկատվական նախագծեր, հատուկ ստեղծված են իշխանավորների «տանիքների» ներքո: Նրանք ոչ թե հարկեր չեն վճարում, նրանք, փաստորեն, աշխատում են հարկային դաշտից դուրս և նստած են չհաշվառված «սև» գումարների հոսքերի վրա: Ուստի երկրի միակ անկախ լրատվական գործակալության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը թվում է ապաշնորհ և ծիծաղելի», - իր մեկնաբանությունում նշել է ԱրմԻնֆո ԼԳ գլխավոր տնօրեն Էմմանուիլ Մկրտչյանը: