


Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
Ինչպես հաղորդել է նախարարը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, առաջիկայում քննարկվելու է «Խոսրովի անտառ» արգելոցի կառավարման ծրագիրը, որը նախատեսում է պահպանվող արգելոցի սահմանների ընդլայնում: Դա թույլ կտա ապահովել տարածքների առավել զգալի պաշտպանություն, ինչպես նաև մերձակա տարածքների բնակիչներին հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ էկոտուրիզմից արգելոցի շուրջ ստեղծված տարածքից, որտեղ պահպանման ռեժիմն ավելի արտոնյալ կլինի: Նախարարը հավաստիացրել է, որ, չնայած շրջանառվող լուրերին, կառավարության օրակարգում չկա պետական արգելոցի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի և ներկա ֆիզիկական սահմանների վերանայման հարց: «Ամեն դեպքում, արգելոցի տարածքում բացառվում է որևէ այլ գործունեություն, քան այն, որը նախատեսված է գործող ռեժիմով», - հայտարարել է բնապահպանության նախարարը:
Ինչ վերաբերում է վնասի վերականգնմանը, ինչպես նաև ակտիվ հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, Արծվիկ Մինասյանի ասելով, ԱԻՆ-ը և իր գլխավորած գերատեսչությունը սեպտեմբերի 1-ին ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ 1 մլն դոլարի դրամաշնորհի շուրջ համաձայնագիր կստորագրեն, որի խոշոր բաղադրիչը վերաբերում է հակահրդեհային տեխնիկայի ձեռք բերմանը:
ԱԻՆ և Բնապահպանության նախարարության նախնական տվյալների համաձայն, «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա ընդհանուր տարածքից այրվել 250 հա: Մինչդեռ անկախ փորձագետները պնդում են, որ իրականում այրվել է շուրջ 2,5 հա անտառածածկ տարածք: Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ վնասի չափը կճշտվի մի քանի աղբյուրների տվյալների համադրումից հետո, հավաստիացնելով, որ ոչինչ չի թաքցվի:


