
Արմինֆո.ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։
Կարեն Միրզոյանի ասելով, Արցախի դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է եւ մնում է անփոփոխ։ «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն եւ հարատեւ խաղաղություն, անհնար է առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին արցախյան կողմի լիարժեք մասնակցության եւ չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները», - հայտարարել է Միրզոյանը։
Նրա համոզմամբ, 2016 թ. ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, եւ կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։ Նրա ասելով, այսօր, նախ եւ առաջ, անհրաժեշտ է հետեւողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ «Չիրականացված պայմանավորվածությունները, կուտակվելով, վերածվում են բալաստի եւ խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը»,- ամփոփել է Կարեն Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախօրեին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը.
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը: