


Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:
Դավիթ Տոնոյանի ասելով, Հայաստանի ԱԻՆ-ը անմիջապես արձագանքել է, բնապահպանական ծրագրերը նույնպես իրագործվել են համարժեք: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանն ավելի շուտ չի դիմել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռ տրամադրելու հարցով, Տոնոյանը նշել է, որ իրավիճակի գնահատականը թույլ չի տվել ավելի վաղ դիմել նման ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով, երբ հրդեհը տարածվել է արդեն անտառածածկ տարածքում, իրենք դիմել են ՌԴ ԱԻՆ օգնությանը: Տոնոյանը հիշեցրել է, որ ԱԻՆ-ը գործում էր երկու ճակատով` «Խոսրովի անտառում» և Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակայքում, և եղած տեխնիկական միջոցները թույլ չեն տվել համապատասխան արձագանքել, դժվարություններ են եղել նաև ռելիեֆի բարդության առնչությամբ: Նախարարի հավաստմամբ, կատարվել են համապատասխան հետևություններ, և երկրի նախագահին ու վարչապետին ներկայացվել են առաջարկություններ ԱԻՆ տեխնիկական զինման մակարդակի բարձրացման վերաբերյալ:


