Արմինֆո. «Իսրայելի պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում ռազմական արտահանման
հետ կապված տեղեկատվությունը»,- ասվում է «Կոմերսանտ» թերթին Իսրայելի ռազմական գերատեսչության պատասխանում՝ կապված Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա հարձակումներին իսրայելական ընկերության ներկայացուցիչների հնարավոր մասնակցության վերաբերյալ «Մաարիվ» թերթի հրապարակման հետ:
«Այդ հարցը գտնվում է Պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների ստուգման փուլում, և նույնիսկ եթե Aeronautics Defense Systems-ի ինժեներներն մեկնել են Ադրբեջան, իսրայելցի զինվորականներ նրանց հետ չեն եղել»,- ասվում է Իսրայելի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Ըստ որում, Իսրայելի պետական կառույցներում «Կոմերսանտ»-ի աղբյուրը «Մաարիվ» թերթում նկարագրված պատմությունը «արտառոց» է անվանել:
«Նման բան նախկինում չի եղել: Օտար հակամարտություններին չմիջամտելու սկզբունքն առանցքային է իսրայելական ռազմական արդյունաբերության համար:
Եվ եթե այդ տեղեկատվությունը ճիշտ լինի, ռազմական գերատեսչությունն, իհարկե, պատժամիջոցներ կկիրառի ընկերության նկատմամբ»,- հայտնել է աղբյուրը: Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացնում հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ:Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական «Մաարիվ» թերթը, Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները կարող էին ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածին: Ընկերությունը բոլոր մեղադրանքները հերքում է, սակայն Բաքվի հետ իր համագործակցության մասին վաղուց է հայտնի:
Արմինֆո. Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է Բաքվից ստացված բողոքը, որի համաձայն, Իսրայելի Aeronautics Defense Systems օպերատորները հրաժարվել են կատարել հայկական թիրախներ գրոհելու Ադրբեջանի զինված ուժերի պահանջը` Իսրայելից Ադրբեջան մատակարարվող նոր անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու համար: