Արմինֆո. Իրանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով երկխոսության: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նա հիշեցրել է, որ երկու երկրներն Իրանի մերձավոր հարևաններն են: «Ադրբեջանի հետ մենք պահպանում ենք լավ հարաբերություններ, դա կարևոր երկիր է մեզ համար: Հայաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական են և բարիդրացիական: Բավականին երկար ժամանակ նրանց միջև առկա է դիմակայություն, դիրքորոշումների տարբերություն: Եվ լարվածության աստիճանը ժամանակ առ ժամանակ բարձրանում է: Սակայն մենք հույս ունենք, որ նրանք կարող են հաղթահարել առկա տարաձայնությունները», - նշել է Քասեմին, ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
Նրա ասելով, Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում առկա գործընթացներին և թույլ չի տա, որպեսզի Իրանին սահմանակից տարածքներում հակամարտությունը վնաս պատճառի Իրանի բնակչությանը: Քասեմին նաև ընդգծել է, որ Թեհրանին մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում երրորդ ուժերի ներքաշման հեռանկարը:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը ղարաբաղյան հակամարտության գոտում: Իրանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՄՆ և Եվրոպայի խաղաղապահ զորակազմերի տեղակայման հնարավորությանը: Իրանը նաև մշտապես հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: