Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
«Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ. Գերավետյանի, Տ. Մանուկյանի և Վ. Գևորգյանի փաստաբանների հետ», - ասվում է հաղորդագրությունում։