Արմինֆո. Բերքահավաքի շրջանում Հայաստանի սահմանամերձ գյուղերը մշտական գնդակոծության ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն անթույլատրելի է և ստոր: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ վերջին ժամանակներս հաճախակի դարձած գնդակոծություններին:
«Կրակել անզեն գյուղացու վրա, ով հավաքում է բերքը, ինչից կախված է ամբողջ տարվա իր բարեկեցությունը, ստորություն է: Նման պահվածքը բնորոշ է բարբարոս ցեղերին: Ոչ մի քաղաքակիրթ ազգ 21-րդ դարում նման բան իրեն թույլ չի տա»,- հայտարարել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ արձագանքի Բաքվի նման հանցավոր քաղաքականությանը:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը մշտապես և նպատակաուղղված գնդակոծում է Տավուշի մարզի հայկական գյուղերը՝ թույլ չտալով գյուղացիներին հավաքել բերքը: Այսպես՝ օրերս գնդակոծության են ենթարկվել Չինարի և Բարեկամավան գյուղերը. հակառակորդի գնդակները դիպչել են բնակելի տներին, տրանսպորտային միջոցներին և նույնիսկ մանկապարտեզին, որտեղ այդ ժամանակ գտնվել են Հայկական կարմիր խաչի աշխատակիցները: Վնասը գնահատվում է տասնյակ միլիոն դրամ: Նախօրեին գնդակոծության է ենթարկվել Ոսկեվան գյուղը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծության են ենթարկում գյուղը հուլիսի 28-ից: «Արդեն մի քանի օր է, ինչ չենք կարողանում հավաքել բերքը»: Նա նաև խոստովանել է, որ սահմանին տեսահսկման սարքեր տեղադրելուց հետո հակառակորդն այլևս դիվերսիոն ներթափանցումներ չի իրականացնում, փոխարենն սկսել է ինտենսիվ գնդակոծել սահմանամերձ բնակավայրերը: