Արմինֆո. Իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգն ի զորու չէ խոցել «Իսկանդերները»: Ուստի Զակիր Հասանովի վերջին հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, քաղաքական նպատակներ էր հետապնդում, կարծում է «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
«Իմ կարծիքով, հայտարարելով Ադրբեջանի ԶՈՒ սպառազինությունում հակահրթիռային զենքի առկայության մասին, որն ի զորու է ոչնչացնել Հայաստանի ԶՈՒ «Իսկանդեր» համալիրները, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Հասանովը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգը», - նշել է նա:
Փորձագետի գնահատմամբ, «Երկաթյա գմբեթի» մարտավարատեխնիկական բնութագրերը թույլ չեն տալիս խոցել «Իսկանդեր» հրթիռները: Հենց այդ պատճառով այդ համակարգն ի սկզբանե մշակվել է որպես ՀՕՊ միջոց` ընդդեմ պաղեստինյան գրոհայինների ինքնաշեն հրթիռների, համազարկային կրակի համակարգերի և ականանետային գնդակոծությունների:
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի, ինչպես նաև դրանց քողարկած կարևորագույն օբյեկտների ոչնչացումն է: «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն, ՀՕՊ այնպիսի համակարգերի հետ միասին, ինչպես` «Էս-400»-ը և «Բաստիոն» կարգի առափնյա համալիրները, առանցքային դեր է խաղում Ռուսաստանի ԶՈՒ «հասանելիության արգելքի գոտի» հայեցակարգում:
Իսրայելական Rafael ընկերության մշակած «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգը նախատեսված է 4-70 կմ թռիչքի հեռավորությամբ չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար: Մեկ մարտկոցը կարող է պաշտպանել 150 քկմ տարածք: 2011-2014 թթ. այդ մարտկոցներով խոցվել է 1200 հրթիռ: