Արմինֆո. Հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել ՌԴ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Նիստը նախագահել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնակցել են միավորված կոլեգիայի անդամներ և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ:
Նիստը ողջույնի խոսքով բացել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
Բացման խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության և Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետևողական համատեղ աշխատանքի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից, Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հրատապ հարցերին: Նա նշել է միավորված կոլեգիայի ծանրակշիռ ավանդը հանցավորության դեմ պայքարի ընդհանուր արդյունքներում: Անդրադառնալով ընդհանուր քրեական հանցավորության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությանը` Կոլոկոլցևը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի տարածքում տարեկան շուրջ 2500 հանցագործություն են կատարում, որոնց կեսը բաժին է ընկնւոմ կողոպուտներին, թալանին, ավազակային հարձակումներին, խարդախությանն ու թմրանյութերի ապօրինի շրջանառությանը: «Մյուս կողմից, ամեն տարի արձանագրվում է այդ երկրի քաղաքացիների նկատմամբ շուրջ 600-700 հակաիրավական ոտնձգություն: Փոխադարձ իրավական օգնության Ժամանակին տրամադրումն էապես հեշտացնում և արագացնում է նման գործողությունների բացահայտումն ու հետաքննությունը», - համոզմունք է հայտնել Կոլոկոլցևը:
Նիստում քննարկվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության համագործակցության, օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր և միավորված կոլեգիայի 2018 թվականի աշխատանքային պլանը: Քննարկման արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ, ու ստորագրվել ամփոփիչ փաստաթղթեր: