Արմինֆո.«Այսօր միայն մենք ենք փորձում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Ֆրանսիացիները փորձեցին, սակայն դա ոչ մի օգուտ չտվեց», - «Իզվեստիային» հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցը: «Իզվեստիան» մեկն է այն թերթերից, որոնք հարկավոր պահին հրապարակում են Կրեմլին անհրաժեշտ տեղեկատվությունը` վկայակոչելով անանուն աղբյուրներ:
Ըստ թերթի, Մոսկվան ձգտում է նախագահների հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ, դառնալով գլխավոր միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների անհաջող փորձերի ֆոնին, քանի որ երկխոսության պահպանումն սկզբունքային նշանակություն ունի. հենց դրա շնորհիվ տարածաշրջանում չեն ծավալվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ բարձր մակարդակի նման հանդիպումն արդիական է և անհրաժեշտ: «Պետք չի վազվզել տարբեր ձևաչափերի և հարթակների միջև, խորհրդակցել այն երկրների հետ, որոնք տարածաշրջանից հեռու են 10-նյակ հազարավոր կիլոմետր: Հարևանները պետք է պայմանավորվեն` ուժեղացնելով համակարգումը Մոսկվայի և միայն Մոսկվայի հետ», - կարծում է ռուսաստանցի խորհրդարանականը: