


Արմինֆո. ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի և Ադրբեջանի գծով համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ալխանլու գյուղում բռնության սրման առնչությամբ: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Համազեկուցողները ափսոսանք են հայտնել, որ իրավիճակի սրացումը հանգեցրել է նոր զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանք կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հավանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Համազեկուցողները հիշեցրել են Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ստանձնած պարտավորությունների մասին:
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը: Բացի այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, ևս մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրի անմիջական հարևանությամբ: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:



