Արմինֆո. Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են ընթացիկ տարվա հուլիս 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցրեցին խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում՝ երեխայի մահվան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Խոսնակ Հիթեր Նոյերթը:
Պետդեպարտամենտի ներկայցուցիչը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին և ընդգծել, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ են անում հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչութամբ ԱՄՆ քաղաքականությունը փոփոխությունների չի ենթարկվել: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, երեք հիմնարար սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, հիման վրա»,- ասել է Նոյերթը:
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը: Բացի այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, ևս մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրի անմիջական հարևանությամբ: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: