Արմինֆո.Աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես աբշերոնյան խավիարի համով ու տեսակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված <<հիթ-շքերթը>>, որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում <<ազատագրված>>, սակայն, իրականում 1994թ.-ի հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող, Ջոջուկ Մարջանլու գյուղում <<հայերի կողմից իրականացված բարբարոսությունները>>, իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում: Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների տարբերությանը, այդուհանդերձ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես մշակված բեմագրերն ու դրանց արդյունքում ակնկալվող նպատակները նույնն էին՝ օտարերկրացիներին ներկայացնել <<անսիրտ ու դաժան հայերի կատարածը>> ու նաև համոզել, որ <<Ալխանլվում որևէ ռազմակայան գոյություն չունի, իսկ այնտեղ ապրող անմեղ բնակիչներն անընդհատ ենթարկվում են հայերի նախահարձակ գործողություններին...>> Որ մեզ հարևան կոչվածների հորինվածքները դժվար թե համոզիչ լինեն առողջ տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց համար, անկասկած է, բայց միաժամանակ չանտեսենք, որ աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես աբշերոնյան խավիարի համով ու տեսակով...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: ԱՀ ՊՆ-ն ներկայացրել է նաև ադրբեջանական սադրանքի տեսագրությունը և ձայնագրությունը: