Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով խաղաղ բնակավայրը արկակոծելու և քազաքացիական անձանց սպանելու անչոթւյամբ Բաքվի մեղադրանքներին:
«Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,-այս մասին Մնացականյանը հայտնել է Ինտերֆաքսին:
Նա ցավալի է համարում այն հանգամանքը, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: «Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»,պատասխանել է Լ.Մնացականյանը:
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ամբողջ օրը 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով մշտական գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը, բացյ այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: Բայց ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել է պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրից անմիջական հեռավորության վրա: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին: