


Արմինֆո. ՆԱՏՕ-ն ոչ ոքի ոչինչ չի պարտադրում, փոխգործակցության ձևաչափը յուրաքանչյուր երկիր որոշում է անհատապես: Այդ մասին հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել. Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
«Հայաստանն ինքն է որոշում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափը: Փոխգործակցության գերակայությունների վերաբերյալ հայկական կողմի նախապատրաստած փաստաթղթի հիման վրա երկխոսություն է անցկացվում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ, կատարվում են շտկումներ, հաստատվում է ձևաչափը: Հայաստանն ազատ է փոխելու համագործակցության ձևաչափը, երբ ցանկանա»,- ասելէ նա:
Պուգլիսին անդրադարձել է նաև ընթացիկ տարվա հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի տարածաշրջան այցին և ընդգծել, որ վերջինս հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերեություններում անակնկալներ սպասել պետք չէ, և կողմերի միջև փոխգործակցությունը վստահելի բնույթ է կրում: «ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի ներդրումը խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Մենք գիտենք, թե որքան հեշտ չէ փոքր երկրին խաղաղապահ զորակազմեր ուղարկել, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը դա անում է, և անում է արժանապատվորեն: Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանը բացառիկ պետություն է, որը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ՝ զուգահեռաբար շարունակում է ակտիվ համագործակցություն զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: Այստեղ հակասություններ չկան: Հայաստանը, համագործակցելով ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ հետ, արդյունավետորեն օգտվում է երկու կառույցների հնարավորություններից՝ փոխլրացնելով դրանք»,- ամփոփել է Պուգլիսին:



