Արմինֆո. Շատ կարևոր է խոսել ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերությունների մասին, համոզված է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ինձ մոտ ընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ հայ հասարակությունը քիչ է տեղեկացված Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության մասին, և այդ տեսակետից կարևորում եմ նմանօրինակ միջոցառումների, ինչպես նաև հանրապետությունում Դաշինքի շաբաթների անցկացումը՝ կազմակերպված հայկական արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների աջակցությամբ»,- ասել է դիվանագետը հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել. Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:
Միաժամանակ Քիսլերը նշել է Վարշավայի գագաթնաժողովի և դրա ժամանակ ընդունված որոշումների կարևորությունը՝ գլոբալ անվտանգության ապահովման տեսակետից: Միաժամանակ նա ավելացրել է, որ Դաշինքի առջև նաև բազմաթիվ ներքին մարտահրավերներ են ծառացած՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն: «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն այլ են, բայց գտնում եմ, որ զինված ուժերի արդիականացումն առանցքային բնույթ է կրում: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի կարևոր դեր խաղալ Հայաստանի զինված ուժերի արդիականացման գործում: Եվս շատ կարևոր պահ՝ որևէ հակասություն չկա Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հարցում: Ուզում եմ նշել, որ մենք առաջարկում ենք համագործակցություն, բայց երբեք այն չենք պարտադրում: Եվ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորված գործընկերությունը թափանցիկ է և հիմնված է փոխադարձ վստահության վրա», ասել է դիվանագետը: Դիվանագետը միջոցառման կազմակերպիչներին առաջարկել է նաև հաջորդ անգամ նման քննարկումներին հրավիրել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ այդպիսով նպաստելով ՆԱՏՕ-ի և ՌԴ միջև երկխոսության հաստատմանը: