Արմինֆո.Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը հիմնված է երկու երկրների միջև բարեկամության վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայն Անկարայում Ադրբեջանի դեսպանատանն ընդունելության ժամանակ:
Նրա խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը միասնական ուժ են, ինչը հսկայական դեր է խաղում Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հարցում: «Մենք ցավով հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչի հետևանքով օկուպացվել են ադրբեջանական հողերը: Լեռնային Ղարաբաղը մինչ օրս օկուպացիայի մեջ է, և մենք ակնկալում ենք, որ այդ օկուպացիային վերջ կտրվի»,- նշել է Ալփայը, հայտնում է Անադոլուն:
Դեսպանատան ռազմական կցորդ Մուշֆիգ Մամեդովը նշել է Թուքրիայի կարևոր դերն Ադրբեջանի զինված ուժերի ամրապնդման և զարգացման գործում: «Ադրբեջանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանման հիման վրա, չնայած հակառակ կողմի ագրեսիվ գործողություններին: Սակայն, անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը պատրաստ է խնդրի ռազմական լուծմանը»,- նշել է Մամեդովը: