Արմինֆո.ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել՝ նվիրված Հարավային Կովկասի իրադարձություններին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, Վիգենինը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ ավստրիական նախագահության բարձրաստիճան դիվանագետների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնելու նպատակով:
Միաժամանակ նշվում է, որ հանդիպումների ընթացքում Վիգենինը նշել է
համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ներուժը: «Տարածաշրջանում հակամարտությունները շարունակում են ուղեկցվել մարդկային մեծ կորուստներով: Ես մտադիր եմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ քննարկումը՝ համապարփակ և կայուն խաղաղության համար խթան ապահովելու նպատակով»,- ասել է Վիգենինը: Կազմակերպության մամուլի ծառայությունում նշվում է, որ այս շաբաթ Մինսկում կսկսվի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան հանդիպումը, որին կմասնակցի շուրջ 300 խորհրդարանական ԵԱՀԿ ողջ տարածաշրջանից: