Արմինֆո. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն համոզված է, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու ժամանակը:
ՏԱՍՍ-ին հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե հակամարտության կարգավորման ինչ ուղիներ է տեսնում Ադրբեջանը, մասնավորապես, ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին ներառող ձևաչափն ինքնին բավականին լուրջ է երևում: Չէ որ հենց այդ երկրներն ունեն հսկայական քաղաքական կշիռ և տասնամյակներով, եթե ոչ դարերով մշակված համապատասխան փորձ: Իսկ Ռուսաստանը, օրինակ, ոչ միայն աշխարհագրականորեն Հարավային Կովկասին մոտիկ տարածաշրջան է, այլ նաև սերտ պատմական կապերով կապված է վերջինիս հետ: Սակայն, ինչպես տեսնում ենք, 1997 թ. գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռակի համանախագահության ինստիտուտը մինչ այսօր չի բերել հակամարտության ռազմական հետևանքների վերացման և դրա քաղաքական լուծման գործընթաց սկսելու արդյունքին»:
Միաժամանակ նա ավելացրել է, որ ինչպես մշտապես ընդգծում է ադրբեջանական կողմը, արդեն վաղուց է եկել է հակամարտության կարգավորմանն ուղղված գործուն քայլեր նախաձեռնելու ժամանակ: «Ադրբեջանի տարածքների շարունակվող օկուպացիան բնութագրող առկա ստատուս-քվոն անընդունելի է: Դա մատնանշել են նաև ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարները 2009-2013 թթ. հայտարարություններում: Այսինքն՝ այժմ հարկավոր է պայմաններ ապահովել սուբստանտիվ բանակցությունների շարունակման համար՝ իրական արդյունքների հասնելու մտադրություններով, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ բանակցությունները պետք է առարկայական բնույթ կրեն: Դա հենց այն դեպքն է, երբ կարևոր է արդյունքը, այլ ոչ թե՝ գործընթացը»,- ասել է դիվանագետը: