Արմինֆո. «Այս տարի մենք զբաղվել ենք 2017թ. ԱԺ ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգով, ինչի գլխավոր նպատակն այդ խախտումների հայտնաբերումը և ներկայացումը, ինչպես նաև դրանց հետագա կրկնության կանխումն է: Սակայն, Գլխավոր դատախազությունը պատշաճ կերպով չի արձագանքել մեր կողմից հայտնաբերված խախտումների դեպքերին»,- հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Փորձագետը նշել է, որ կազմակերպության կողմից անցկացված մոնիտորինգը համապատասխանում է միջազգային չափանիշներին և հիմնված է միջազգային փորձի վրա: Այս տարի նպատակը վարչական ռեսուրսների օգտագործմամբ չարաշահումների հայտնաբերումն էր: Մոնիտորինգն անցկացվել է ԶԼՄ-ներում ներկայացված փաստերի և կենտրոնի աշխատակիցների ակտիվ աշխատանքի հիման վրա: Շտաբերում եղել են բազմաթիվ դիտորդներ՝ հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցներ, ովքեր հարազատների, գործընկերների, ծանոթների հետ հանդիպումներ ու զրույցներ կազմակերպելու փորձեր են ձեռնարկել՝ մտադիր լինելով ընտրությունների մասին տեղեկատվություն ստանալ նրանցից: Այդ մեթոդն ակտիվորեն կիրառվել է ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում: «Սակայն, հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունը՝ մեզ հետ անկեղծ զրույց վարել ցանկացողներ գրեթե չկային, իսկ միայն ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցները ոչ օբյեկտիվ, միակողմանի բնույթ կկրեին: Այդպիսով՝ աշխատակիցների գործունեությունն ավելի առարկայական էր շտաբերում, ընտրատեղամասերում և այլն»,- նշել Հոկտանյանը:
Ամենատարածված խախտումները Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծումը, ինչպես նաև ընտրակաշառքներն են: ԹԻՀԿ կողմից, մասնավորապես, արձանագրվել է ընտրակաշառք բաժանելու 90 դեպք, որոնք հայտնաբերվել են ԶԼՄ-ներից ստացված տվյալների և կենտրոնի աշխատակիցների մոնիտորինգի հիման վրա: Կաշառք բաժանելուն հիմնականում ակտիվ մասնակցույթուն են ունեցել Հանրապետական կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները:
Եվս 59 դեպք վերաբերել է ընտրություններին պետական ծառայողների մասնակցությանը, ովքեր աշխատանքային ժամին գտնվել են նախընտրական շտաբերում: Եվ, վերջապես 53 դեպք վերաբերել է դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների ղեկավարների վրա ճնշմանը, որոնց ստիպել են աշխատել շտաբերում կամ քվեարկել որոշակի թեկնածուի օգտին:
Հիմնական խախտումներից բացի, փորձագետը նշել է նաև մանր խախտումները, որոնք կարող են գնահատվել որպես վարչական ռեսուրսների չարաշահում, օրինակ՝ փողոցների ասֆալտապատում և բակերի բարեկարգում: Սակայն, եթե դա արվել է ոչ թե պետբյուջեի գումարով, այլ՝ թեկնածուի անձնական միջոցներով, դա դիտվում է՝ որպես բարեգործություն, և որևէ խախտում այստեղ չկա:
«Կարծում եմ, որ իրավիճակից միակ ելքը ընդդիմադիր կուսակցությունների ուժեղացումն է, որոնց վիճակն այժմ խիստ ցավալի է»,- նշել է Հոկտանյանը: Ուժեղացման ներքո ենթադրվում է նախընտրական արշավի սկսում ոչ թե անմիջապես ընտրություններից առաջ, այլ՝ նախորդ ընտրությունների ավարտից հետո: «Գտնում եմ, որ եթե ընդդիմադիր կուսակցույթուներն ավելի շատ ֆինանսական միջոցներ ներդնեն նախընտրական գործընթացում, դա զգալիորեն կփոխի իրավիճակն իրենց օգտին»,- եզրափակել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը: