Արմինֆո.Մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվելու ժամանակ չի ունենա, գտնում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ բարեփոխման գծով նախկին խորհրդական, քաղաքագիտության և պետական քաղաքականության պրոֆեսոր Փիթեր Ֆեվերը:
Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Հարավային Կովկասի գծով պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան բարձրաձայնել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ միջազգային փոխգործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նա Ղարաբաղը համարում է խնդիր, որի շուրջ ԱՄՆ նախագահը կարող է փոխգործակցել Ռուսաստանի հետ: Դիվանագետը կարծում է, որ բեկման հասնելու համար գործընթացին պետք է մասնակցեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները:
«Անձամբ ես բավականաչափ ուշադրություն չեմ հատկացրել վերջին տարիներին ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներին, հետևաբար՝ այդ հարցի առնչությամբ փորձագիտական կարծիք հայտնել չեմ կարող: Կարող եմ միայն ասել, որ Թրամփի վարչակազմն այժմ զբաղված է միանգամայն այլ արտաքին, ինչպես նաև ներքին հարցերով: Վերջիվերջո, նրա պաշտոնակալումից հետո արդեն կես տարի է անցել, իսկ Թրամփի վարչակազմը նույնիսկ ղարաբաղյան հակամարտության մասին չի հիշատակել»,- ընդգծել է վերլուծաբանը:
azeri-today-ին հարցազրույցում Ֆեվերն ընդգծել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից նախագահ Ջորջ Բուշի վրա ազդելու կամ ազդեցություն ունենալու փորձերի փաստերի մասին անձամբ ինքը տեղյակ չէ: Նրա կարծիքով, իմիգրանտների երկրում, ինչպիսին ԱՄՆ է, նրանց մեծ մասը պահպանում է պատմական հայրենիքի հետ կապերը, ինչն առաջ է բերում այդ երկրների նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության հարցերի նկատմամբ վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրությունը: