Արմինֆո. Էստոնիան խրախուսում է Հայաստանի և Եվրամիության միջրև վիզային ռեժիմի ազատականացումը, հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին փաստաթղթի իրականացումը: Չեմ կարող ժամկետներ մատնանշել, սակայն Էստոնիան խրախուսում է այդ գործընթացի արագացումը»,- ասել է Միկսերը:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման գործընթացը ԵՄ երկրների հյուպատոսական կառույցներում, որոնք գտնվում են Երևանում: Մուտքի վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո իջավ մինչև երեսունհինգ եվրո, նախկին` վաթսուն եվրոյի փոխարեն: Դյուրացվեց նաև մուլտիվիզաների տրամադրամն գործընթացը, որը նախկինում բարդ էր և երկարատև: Իսկ դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվել են մուտքի վիզաների ստացման անհրաժեշտությունից: Վիզաների դյուրացման սխեման անդրադարձավ նաև ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների մնալու տևողության վրա: Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածի համար: