Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին: Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չկատարեց պայմանավորվածությունը, այլև հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարևորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ, թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը: