Արմինֆո. Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Ռուսաստանի օրվան նվիրված համերգի բացման ժամանալ:
Նրա խոսքով, հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին անժամկետ համաձայնագիր ստորագրվեց։ Դա հնարավորություն տվեց կողմերին անցնելու խնդրի քաղաքական կարգավորման փուլին: Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խախտելու շարունակական փորձերին, այդ թվում անցյալ տարի ապրիլին ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը Ռուսաստանի և համանախագահող երկրների հետ շարունակում է ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Միաժամանակ նա նշել է, որ ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև, Ռուսաստանը կարևոր առևտրատնտեսական գործընկեր է, ռուսական ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություն: «Տնտեսական համագործակցության զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ընձեռեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը: Բացի այդ, գործընկերային ամուր կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոների և Հայաստանի մարզերի միջև, խորանում է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերտ փոխգործակցություն է հաստատված անվտանգության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Համոզված եմ, որ համատեղ ջանքների շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ հանուն մեր պետությունների և ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության »,- ասել է Նալբանդյանը: