Արմինֆո. Իրանն Արևմտյան Եվրոպա չէ, որ կուլ տալ ԻՊ կողմից նման վիրավորանքները, համոզված է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
Թեհրանի Շտապ օգնության վարչության տվյալների համաձայն, Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանում հարձակումների հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի:
«Ահաբեկչություններ կատարելով մահմեդականների սրբավայրում՝ Խոմեյնիի դամբարանում, և ԻԻՀ խորհրդարանում՝ ԻՊ գրոհայինները մահացու վիրավորանք են հասցրել Իրանին: Չեմ կասկածում, որ կհաջորդի սարսափելի պատասխան, քանի որ Իրանն արևելք է, և այստեղ հաշվեհարդարի բոլորովին այլ միջոցներ են»,- լրագրողներին հայտարարել է սենատորը:
Ըստ նրա, Իրանն ԻՊ-ին իրապես դիմակայող սակավաթիվ երկրներից է: Սակայն, Թեհրանի ներուժն այդ պայքարում այսօր լիակատար չափով օգտագործված չէ: Եվ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իրավիճակը պետք է փոխվի, իսկ ահաբեկիչները շատ շուտով կզղջան կատարածի համար:
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում: Ավելի վաղ մի քանի զինված տղամարդիկ ներխուժել էին երկրի խորհրդարանի շենք, կրակ էին բացել ու մի քանի մարդու պատանդ վերցրել: Նաև հաղորդվում է Թեհրանի հարավում այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին, որտեղ նույնպես կան տուժածներ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, խորհրդարանի շենքի գրավման արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի, ևս 4 մարդ պատանդ է վերցվել: Իրանի ՆԳՆ արտակարգ նիստ է հրավիրվել: Թեհրանում գրոհների համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: