Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Քաթարն առանցքային պետություն է արաբական աշխարհում, չեմ կարծում, թե այն ահաբեկչական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է արևելագետ Սարգիս Գրիգորյանը` հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Թեև, ընդհանուր առմամբ, կան մտավախություններ, որ «Իսլամական պետությունը» կարող է գլուխ բարձրացնել տարածաշրջանում, հատկապես` Կովկասում, ռուսական ԶԼՄ-ներն այդ մասին լռում են, սակայն մենք տեսնում ենք, որ այնտեղ առկա են լուրջ գործընթացներ: Այդ տարածաշրջաններում փոխվում է ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Քաթարի շուրջ սրումը երկար չի տևի` չնայած գործընթացների ողջ լրջությանը: Նրա ասելով, Դոհան ձեռքերը ծալած չի նստի և նայի, թե ինչպես է իր շուրջ օղակը սեղմվում: «Քաթարն արդեն ձեռնամուխ է եղել պատասխան միջոցների: Ուստի, կարծում եմ, որ, չնայած իրավիճակի ողջ բարդությանը, մոտ ժամանակներս դրա տրամաբանական լուծումը կգտնվի», - ասել է Գրիգորյանը:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Քաթարը չի զոհաբերի իր հարաբերությունները սուննի աշխարհի հետ հանուն շիա Իրանի հետ համագործակցության` ստեղծված իրավիճակի լույսի ներքո:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը սառեցրել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև ցամաքային, ծովային և օդային շփումները` վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար: Նշվում է, որ Քաթարին նաև հանում են արաբական կոալիցիայի կազմից, որը պայքար է մղում Եմենի ապստամբների դեմ: Քաթարի նկատմամբ նման քայլի պաշտոնական առիթը նրա աջակցությունն է ահաբեկիչներին, մասնավորապես, «Իսլամական պետությանը» և «Ալ Քաիդային»: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Դոհային մեղադրել է նաև Եմենում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար:
Ինչպես հայտնի է, մայիսի վերջին հրապարակվել էր Քաթարի էմիրի ելույթը, որում աջակցություն էր հայտնվում Իրանի հետ նորմալ հարաբերություններին, ինչը քննադատություն էր հարուցել Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովում: Ավելի ուշ Դոհան հայտարարել էր, որ հրապարակումը հաքերներն էին արել:
Իրանի իշխանությունները հենց նույն օրը պատրաստակամություն են հայտնել սատարելու Քաթարին: