Արմինֆո.Պաշտոնական Երևանի կողմից Քաթարի քաղաքացիների համար միակողմանի կիրառվող առանց վիզայի ռեժիմը սպառնալիք չէ Հայաստանի համար: Հունիսի 6-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարիք է հայտնել արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա ասելով, Քաթարի 2.6 միլիոն բնակչությունից երկրի քաղաքացիություն ունեն ընդամենը մի քանի հարյուր հազար էթնիկ քաթարցիներ, մնացածը այլ ազգերի ներկայացուցիչներ են, այսինքն` վիզային ռեժիմը վերաբերում է ընդամենը մի քանի հարյուր հազարին: «Բացի այդ, կարծում եմ, Հայաստանը կարող է շահավետ օգտվել Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակից և ամրապնդել տնտեսական համագործակցությունը: Ինչպես հայտնի է, մի շարք արաբական պետությունների կողմից Քաթարի մեկուսացման լույսի ներքո դեպի միջազգային շուկա Դոհայի միակ ճանապարհը Պարսից ծոցն է, իսկ այնտեղ Իրանն է, որն արդեն աջակցություն է հայտնել Քաթարին: Այսինքն, տվյալ դեպքում Հայաստանը կարող է օգտվել իրավիճակից և սկսել Հայաստան-Իրան-Քաթար եռակողմ համագործակցություն: Սակայն նման սցենարը հնարավոր է, եթե Քաթարի շուրջ դիմակայությունը լինի տևական», - ասել է փորձագետը: Ընդ որում, նա հավելել է, որ հնարավոր է նաև այլ սցենար, մասնավորապես, ներքին հեղաշրջում երկրում, նոր առաջնորդի իշխանության գալ, որը վերանայի երկրի քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ, Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակում Պետրոսյանը տեսնում է Սաուդյան Արաբիայի հետքը: Նրա ասելով, Սաուդյան Արաբիան ձգտում է դառնալ գլխավոր դերակատար տարածաշրջանում և նման գործողություններով փորձում է ցուցադրել իր հեռուն գնացող նկրտումները:
Հիշեցնենք, որ հունիիս 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը սառեցրել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև ցամաքային, ծովային և օդային շփումները` վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար: Նշվում է, որ Քաթարին նաև հանում են արաբական կոալիցիայի կազմից, որը պայքար է մղում Եմենի ապստամբների դեմ: Քաթարի նկատմամբ նման քայլի պաշտոնական առիթը նրա աջակցությունն է ահաբեկիչներին, մասնավորապես, «Իսլամական պետությանը» և «Ալ Քաիդային»: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Դոհային մեղադրել է նաև Եմենում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար:
Ինչպես հայտնի է, մայիսի վերջին հրապարակվել էր Քաթարի էմիրի ելույթը, որում աջակցություն էր հայտնվում Իրանի հետ նորմալ հարաբերություններին, ինչը քննադատություն էր հարուցել Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովում: Ավելի ուշ Դոհան հայտարարել էր, որ հրապարակումը հաքերներն էին արել: