Արմինֆո. Եթե Բաքուն կրկին դիմի արկածախնդրության, ինչպիսին ապրիլյան ներխուժումն էր, դա կհանգեցնի կործանարար պարտության և Ալիևի ռեժիմի տապալման, այսօր կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
Իր դիրքորոշումը փորձագետը բացատրել է այն բանով, որ, իր կարծիքով, վերջին տարում ուժերի հավասարակշռությունը շփման գծում զգալիորեն փոխվել է՝ հօգուտ հայկական կողմի: Ըստ որում, նա նշել է, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ է պատերազմին, և վերջին 3 ամսում այն գրեթե չի փոխվել:
Անդրադառնալով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Շահնազարյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թեհրանի համար, քանի որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը:
Սակայն, փորձագետի կարծիքով, տարածաշրջանի կայունությունը կարող է խախտել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը, այլ նաև Արևմուտքի և Թուրքիայի միջև փախստականների հարցի շուրջ փոխհամաձայնությունը: «Իրավիճակի նման զարգացումը խիստ ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ փախստականների համար Թուրքիայի սահմանների բացման դեպքում նրանց մի մասն անպայման կտեղափոխվի Հայաստան՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով, մինչդեռ հանրապետությունը պատրաստ չէ ընդուել նոր փախստականների՝ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով»,- նշել է Շահնազարյանը: