Արմինֆո.Էկոլոգիայի տեսանկյունից Բնապահպանության նախարարությունն ԱԷԿ գործունեությանն առնչվող խնդիրներ չունի:
ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա ասելով, կայանում ծրագրված բոլոր միջոցառումները, այդ թվում` բնապահպանական, կատարվում են սահմանված ժամկետներում: Ավելի վաղ հանրապետության կառավրությունը որոշում էր կայացրել կայանը ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու թույլտվության վերաբերյալ` ռեակտորի սառեցման նպատակով, չնայած այն հանգամանքին, որ հանրապետւթյունում սահմանափակումներ են կիրառվում Արարատյան դաշտավայրի ջրերի կիրառման նկատմամբ: Ինչ վերաբերում է միջուկային նոր էներգաբլոկին, ապա, ինչպես նշել է Արծվիկ Մինասյանը, այդ հարցի վերաբերյալ առայժմ ծրագրային մոտեցումներ չկան: Այդ պատճառով նախագծի վրա ազդեցության գնահատման համակարգը տվյալ պահին չի գործում: «Հենց որ լինի ծրագիր, իսկ դրա համար, գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ, ապա նախարարությունը կանցկացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն», - ընդգծել է հանրապետության բնապահպանական գերատսչության ղեկավարը: Նախարարի հավաստմամբ, Հայաստանի ատոմային էլկետրակայանը չափազանց կարևոր դեր է խաղում հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում: «Այստեղ երկու կարծիք լինել չի կարող. Հայկական ԱԷԿ նկատմամբ այլընտրանք չկա», - ասել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 10-ից ՀԱԷԿ-ը կանգնեցվել է 60 օր ժամկետով` պլանային-նախազգուշական աշխատանքներ անցկացնելու և վառելիքով վերաբեռնելու նպատակով: Այդ աշխատանքների շրջանակում կանցկացվեն 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումներ: Պլանային-նախազգուշական վերանորոգման ընթացքում զգալի ծավալի աշխատանքներ կիրականացվեն: Հիմնական շեշտադրումը կլինի ԱԷԿ անվտանգության վրա. կիրականացվեն սարքավորման վերանորոգմանը, ինչպես նաև սարքավորման գործիքային հետազոտմանն առնչվող աշխատանքներ: Նախագծի համակարգումն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր կառույց «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, որը հայ փորձագետների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել ԱԷԿ շահագործման ժամկետը 10 տարով, մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման վրա: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին: