Արմինֆո.Հայաստանի ու ԵՄ միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց հեռանկարները» խորհրդաժողովում:
«Այսօր մենք զբաղված ենք այդ ուղին պատշաճ, վերջնական տեսքի բերելով: Կարծում եմ, որ մինչև նոյեմբեր, Էստոնիայի նախագահության շրջանում, Հայաստանը հնարավորևություն կստանա միանալու ԵՄ հետ ասոցացման շուրջ պայմանագրին: Կարող եմ ասել, որ հետխորհրդային տարածքում ժամանակին հենց Հայաստանն է առաջինը կառուցողական երկխոսություն սկսել Բրյուսելի հետ` ինտեգրման ուղղությամբ: Եվ կողմերի առաջիկա հավանությունը, անշուշտ, նոր ուղիներ կբացի առկա համագործակցության խորացման համար», - հայտարարել է դեսպանը:
Սվիտալսկու հավաստմամբ, այսօր Եվրոպան փորձում է գիտակցել սեփական դերը Հայաստանի զարգացման գործում: Նրա գնահատմամբ, Բրյուսելը ոչ միայն Հայաստանում քաղաքական նպատակներ չի հետապնդում, ԵՄ զերծ է նաև եսասիրական դրդապատճառներից և շարժառիթներից: Կա միայն Հայաստանը ժողովդրավարական վիճակի բերելու ուղղությամբ քաղաքացիական հասարակության հետ աշխատելու ցանկություն: Իսկ ԵՄ շարունակվող աշխատանքի հիմնական նպատակը, նրա ասելով, Հայաստանում խորքային բարեփոխումներն են և խաղաղությունը:
Հայաստանում եվրոպական դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Բրյուսելը բնավ մտադիր չէ անձամբ սահմանել Երևանի հետ համագործակցության գերակայությունները: Նրա ասելով, այդ աշխատանքը պետք է կատարեն Հայաստանի կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը:
«Միևնույն ժամանակ, մենք ամենևին մտադիր չենք անտեսել «Արևելյան գործընկերության» հնարավորությունները: Բրյուսելն այդ ծրագրի իրագործման շարունակումը դիտարկում է որպես գործնական և շոշափելի նպատակ: Կարծում եմ, որ «ԱԳ» 20 գերակայությունները լիովին համապատասխանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ գործընկեր մյուս երկրների շահերին: Ըստ էության, Երևանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել բոլոր միջոցներով շարունակելու ԵՄ հետ համագործակցության զարգացումն այդ ծրագրի շրջանակում», - ամփոփել է Սվիտալսկին: