Արմինֆո. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել կազմակերպության Երևանյան գրասենյակի փակման առնչութամբ:
«Ցավոք, մենք չենք կարող շարունակել գործունեությունը Հայաստանում, բայց կան մի շարք նախագծեր, որոնք նախատեսվում է ապագայում իրականացնել: Հուսով եմ՝ Երևանյան գրասենյակի փակումը գլխի ավարտ է, որը համագործակցության նոր ուղիներ կբացի»,- ասել է Զանիերը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ որում, նա ընդգծել է, որ կշարունակվի Հայաստանում այլ ձևաչափերով համագործակցությունը՝ այլ գործընկերների մասնակցությամբ:
Ըստ որում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դժվարացել է ասել, թե որ նախագծերը կփակվեն, իսկ որոնք՝ կշարունակվեն իրականացվել: «Այժմ դեռ վաղ է այդ մասին խոսել: Մենք կշարունակենք մի շարք կարևոր ուղղություններով ֆինանսական աջակցությունը: Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, այստեղ նաև ֆինանսական հարց կա: Անհրաժեշտ կլինի բանակցություններ վարել Հայաստանի կառավարության հետ»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին: