Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ մատնանշել են, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունները, մայիսի 30-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հանդես է եկել վստահության մեխանիզմների ներդրման դեմ, քանի որ չի ցանկացել հնարավորույթյուն տալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կամ այդ մեխանիզմների համապատասխան մասնակիցներին՝ մատնացույց անել նրան, ով խախտում է հրադադարի ռեժիմը, ով առաջինն է կրակ բացում: «Սակայն, դա առանց այդ մեխանիզմների էլ ակնհայտ է, ինչի մասին է վկայում Մինսկի միջնորդների վերջին հայտարարությունը: Բայց դա համանախագահների՝ Ադրբեջանին ուղղված առաջին հասցեական հայտարարությունը չէ այն մասին, որ պետք չէ սրել իրավիճակը տարածաշրջանում, անհրաժեշտ է հարգել միջնորդների մանդատը, զերծ մնալ կարգավորման գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերից, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ: Այս ցուցակը կարելի է շարունակել: Նույնիսկ եթե լինում են անուղղակի հայտարարություններ, միանգամից ակնհայտ է դառնում, թե ում են դրանք հասցեագրված»,- ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Արցախը միշտ հանդես են եկել 1994-95 թթ. հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերի կատարման օգտին, ի տարբերություն Ադրբեջանի, որը բազմիցս հարցականի տակ է դրել դրանց կատարումը: «Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել միջնորդների կոչերը, այլև ամեն բան հակառակն է անում: Միգուցե, դա հանգեցնում է այն բանին, որ հասունանում է իրավիճակ, երբ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միջնորդ երկրները պետք է հայտարարությունից անցնեն կոնկրետ գործողությունների՝ զսպելու Ադրբեջանի ապակառուցողական, սադրիչ քաղաքականությունը»,- ասել է Նալբանդյանը:
Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ռազմական օբյեկտի հրթիռակոծման առնչությամբ։ «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։ Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար», - ասվում է միջնորդների հայտարարությունում: