Արմինֆո.Մեր ինտեգրացիոն նախագծերի կապակցումը երրորդ գործընկերների հետ ավելացնում է ԵԱՏՄ երկրների հնարավորությունները, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Հատկապես և առավել ևս՝ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում: Դա միանգամայն ակնհայտ է: Վերջիվերջո, չլինի Եվրամիությունը, կլինի ասիական ուղղությունը: Մոտ ապագայում դա ակնհայտ այլընտրանք է: Այդ պատճառով եվրոպացիների հետ համատեղ ձեռնարկությունները և նախագծերը Ղազախստանի տարածքում բացարձակապես ԵԱՏՄ-ին Ղազախստանի անդամակցության խոչընդոտ չեն: Կարծում եմ, ընդհակառակը, դա պետք է խթանի ԵԱՏՄ ներսում շարժը»,- նշել է նա:
Այս առումով դեսպանը նշել է Ղազախստանի համագործակցությունը ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև երրորդ երկրների հետ՝ ասիական մայրցամաքի, անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների հետ:
Ըստ դիվանագետի, ցանկացած ինտեգրում բացառապես ներսում սովորաբար հանգեցնում է նոր լճացման, ինչպես հաճախ լինում է մեկ երկրի ներսում: Եվ մեծ հաշվով ցանկացած ինտեգրում ուղղված է ընդամենը ներքին որակի և մեխանիզմների բարելավմանը՝ չկտրելով այս կամ այն երկրին մնացած աշխարհից:
Խոսել հայ-ղազախական հարաբերություններում չօգտագործված ներուժի մասին, ըստ Ուրազաևի, հաշվի առնելով փոխադարձ առևտրում հստակ հաշվարկված լոգիստիկ բաղադրիչը, բավական դժվար է: Իսկ հաշվարկել այն, հաշվի առնելով Հայաստանի արևելյան փակ սահմանները, նույնպես դժվար է: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, տնտեսության ոլորտում չօգտագործված ներուժը հիմնականում Հայաստանի տարածքում ներդրումային նախագծերի մեջ է կայանում:
«Առնվազն խոսքը վերաբերում է ծառայությունների մառուցման ոլորտին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ բացարձակապես չկախված լոգիստիկայից: Բայց կրկին խնդիրը ղազախստանյան բիզնեսի՝ ճգնաժամի հետևանքով զգալիորեն կրճատված հնարավորությունների մեջ է: Սակայն, այդ ոլորտների նկատմամբ հետաքրքրություն Ղազախստանում, անշուշտ, կա, ինչը որոշակի հույս է ներշնչում»,- ամփոփել է դեսպանը: