Արմինֆո. Պաշտոնական Երևանը միշտ հանդես է եկել թե արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, թե Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով հանդիպումների օգտին, մայիսի 30-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Նրա խոսքով, երբ հասունանա պահը, այսինքն՝ համաձայնեցման և նախապատրաստման որոշակի ընթացակարգերից հետո, չի բացառվում նման հանդիպում: «Կարծում եմ, որ հիմա կարելի է միայն խոսել ԱԳՆ ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպման մասին»,- ասել է Նալբանդյանը: Ըստ որում, նա չի բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում այդ հարցի քննարկումը: