Արմինֆո.Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանի վերջին հայտարարությունն ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների հերթական փուլն է, որը միանգամայն կանխատեսելի էր և սպասելի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Մարտիրոսյանի տեսաուղերձին, որում նա քննադատության է ենթարկում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմը»:
«Կարծում եմ, դա էժանագին և ցածր արդյունավետություն ունեցող քարոզչական ակցիա է: Ի սկզբանե, ինձ, որպես փորձագետի, չէր հետաքրքրում ողջ այդ իրարանցումը, որն ստեղծվել էր Մարտիրոսյանի գործողությունների շուրջ», - ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա հավելել է, որ ամեն ինչ աստիճանաբար վերածվում է ֆարսի, որի շուրջ այժմ կսկսեն ըմբոշխնել հայ քարոզիչները, և ապրումներ ունենալ` ադրբեջանցիները:
Նախօրեին Բաքու փախած հասարակական գործիչ Վահան Մարտիրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է, այսպես կոչված, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմին»: «Ժամանակն է մերկացնել ադրբեջանական քարոզչության և ալիևյան ռեժիմի հերթական սուտը: Այդ կեղծիքի շնորհիվ պաշտոնական Բաքուն փորձում է ևս մեկ անգամ թոզ փչել միջազգային հանրության, մեր` հայերիս, և սեփական ժողովրդի աչքին, քողարկելով ագրեսորի իր էությունը, որն ատելություն է սերմանում հայերի նկատմամբ: Դուք գիտեք, որ այդ կեղծ պլատֆորմի սռեղծման օրից դրա ողջ կառավարումն իմ ձեռքում էր, ու ես անկեղծորեն հավատում էի, որ դրա գոյությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը երկու ժողովուրդների միջև: Սակայն ես և մի քանի հայեր, ականատես լինելով Բաքվի սարսափելի ներքին խոհանոցին, շատ արագ համոզվեցինք, որ այդ նախագծի և պաշտոնական Բաքվի, այսպես կոչված, հանդուրժողականության քաղաքականության գլխավոր նպատակն, ընդամենը, ագրեսորի իրական բռնապետական վարքագծի քողարկումն էր: Եվ այդ, այսպես կոչված, խաղաղության պլատֆորմը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի ժողովրդի և հասարակության հետ: Այն ի սկզբանե ստեղծվել և ղեկավարվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից, և դրանում ներգրավված որոշ լրագրողներ ու հասարակական գործիչներ, ընդամենը, խաղազինվորներ են, որոնք կատարում են իշխանությունների պատվերը», - ասում է Վահան Մարտիրոսյանը տեսաուղերձում: