Արմինֆո. Արտահոսքի հարցում Հայաստանը հասել է սահմանագծին: Մայիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, 2016 թվականին Հայաստանից հեռացել է մոտ 55 հազար մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 2%-ը: «Ժողովրդին հասցնել այն վիճակի, որ տարեկան երկիրը լքի 50 հազար մարդ, ու չարձագանքե՞լ: Ասացեք, որևէ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ անհանգստություն արտահայտե՞լ է այդ կապակցությամբ: Մենք հասել ենք այն սահմանագծին, երբ արդեն չի կարելի ստել, բայց մեր պաշտոնյաները շարունակում են դա անել»,-նշել է տնտեսագետը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակի հետևանքով 2018-2019 թվականներին Հայաստանը կարող է բախվել ժողովրդագրական լուրջ պրոբլեմների:
Անհանգստության առիթ է տալիս նաև ծնելիության և մահացության հետ կապված իրավիճակները, հավելել է նա: Այսպես, նրա խոսքով, 1990 թվականին Հայաստանում ծնվել է մոտ 80 հազար երեխա, մահացել է մոտ 20 հազար քաղաքացի, 2001-ին արձանագրվել է ծնելիության ամենացածր ցուցանիշը – 30 հազար, երբ մահերի թիվը կազմել է`25 հազար: Իսկ 2017 թվականի առաջին եռամսյակում ծնվածների ու մահացածների թվերն արդեն հավասարվել են:
«Ընդ որում, երկրի ղեկավարը նշում է Հայաստանի բնակչության աճի հեռանկարների մասին, որ 2040 թվականին այն կհասնի 4 միլիոնի: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած 50 հազար մարդ պետք է օրական վերադառնա Հայաստան: Ինչպե՞ս կարելի է հանդես գալ նման հայտարարություններով: Այսօր ժողովրդագրական առումով Հայաստանն ունի իրական պրոբլեմներ, որոնք անհնար է լուծել 2-3 տարիների կտրվածքով: Այդ պրոբլեմներն իրականում շատ լուրջ են, ու խորը»,-նշել է Բ.Ասատրյանը, հավելելով, որ իր նախնական գնահատականներով այսօր Հայաստանի բնակչությունը կազում է մոտ 2.5 մլն.մարդ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ին կազմել է 2.982 մլն. մարդ, նախորդ տարվա 2.994 մլն.-ի համեմատ, այսինքն, մեկ տարում նվազել է 12,9 հազարով, կամ 0.4%-ով: 2017-ի հունվար-մարտին ծնվել է 8534 երեխա (տարեկան անկումը`6,5%), իսկ մահերի թիվը կազմել է`8037 (տարեկան աճը`3,8%), այսինքն` բնական աճը կազմել է 497 մարդ: